Էրեբունու պեղումները

Վերադառնալ գլխավոր էջ


Էրեբունու պեղումները 5: Կարմիր բլուր

Կարմիր բլուր

Բնական բարձրությունները Հայաստանի հնագույն բնակիչների համար լավագույն վայրերն էին պաշտպանական ամրություններ կառուցելու համար։ Պատահական չէր նաև Էրեբունի քաղաք-ամրոցի կառուցման վայրի ընտրությունը։ Էրեբունի միջնաբերդը, գտնվելով Արին-բերդ կոչվող բարձրադիր բլրի վրա, իշխող դիրք էր գրավում ոչ միայն բլրի շուրջը տարածվող համանուն քաղաքի, այլ նաև տարածքում գտնվող այլ բնակատեղիների նկատմամբ։ Այստեղից երևում են Արարատյան դաշտավայրը, ուրարտական Արգիշտիխինիլի (այժմ` Արմավիր) քաղաքը և Թեյշեբաինի (Կարմիր բլուր է կոչվում կարմիր գույնի կավահողի պատճառով) քաղաք-ամրոցը` դրանց կից բնակատեղիները և այդ հենակետերը միմյանց կապող հեռու ու մոտ ճանապարհները։

Ուրարտուի հյուսիսարևելյան սահմանը կիմմերական և սկյութական ցեղերի արշավանքներից պաշտպանելու և այն առավել անխոցելի դարձնելու նպատակով Ք. ա. 7-րդ դ. 1-ին կեսին ուրարտական թագավոր Ռուսա Բ-ն Իլդարունի (Հրազդան) գետի ձախ ափին` ներկայիս Երևանի տարածքում, հիմնադրում է վարչատնտեսական ու ռազմական նոր կենտրոն, որն ի պատիվ ուրարտական ռազմի և տարերքի աստված Թեյշեբայի կոչում է Թեյշեբաինի։

Հզոր պարսպապատով շրջապատված, պահեստային շենքեր ու ոռոգման համակարգ ունեցող քաղաք-ամրոցի միջնաբերդը երկհարկ էր։ Առաջին` նկուղային հարկում գտնվող մոտ 150 սենյակները ծառայել են իբրև պահեստներ, մառաններ և տարբեր արհեստանոցներ, գարեջուր և գինի պատրաստելու շինություններ, քնջութի ձիթհան։ Երկրորդ հարկում գտնվել են փոխ-արքայի, բարձրաստիճան զինվորականների, քրմերի և այլ աստիճանավորների պալատները և սենյակները։ Միջնաբերդի տարածքում էին գտնվում նաև տաճարները։

Թեյշեբաինիի երբեմնի գոյությունը վկայող առաջին գտածոն 1936 թ. Կարմիր բլուրի հարավարևելյան լանջից պատահաբար հայտնաբերված սեպագիր արձանագրությունն է, որի մեջ նշված էր Ռուսա Արգիշտի-խինի (ստուգաբա¬նությունը` Ռուսա` Արգիշտիի որդի) անունը, ով հայտնի է իբրև Ռուսա Բ արքա։ Հնավայրի կանոնավոր ուսումնասիրությունները մեկնարկել են 1939 թ.` լույս աշխարհ բերելով շուրջ 2500 տարուց ավելի կարմիր հողի հաստ շերտով ծածկված բնակատեղին։ Այստեղից հայտնաբերված մի շարք սեպագիր արձանագրություններում հանդիպող «Ռուսա Արգիշտիի որդու, Թեյշեբաինի քաղաքի ամրոց» բառերը օգնեցին պարզելու հնավայրի հիմնադրման ճշգրիտ տարեթիվը և արքայի ինքնությունը։

Այս հնավայրից հայտնաբերված նյութերը համարվում են Միջին Ասիայի, Մերձավոր Արևելքի և Փոքր Ասիայի հնագիտական ժառանգության համար կարևոր գտածոներ։ Կավից, ոսկորից, քարից և տարբեր մետաղներից պատրաստված կենցաղային ու պաշտամունքային իրերը, զանազան տեսակի զարդերը, գործիքներն ու առասպելական կենդանիներով ու խորհրդանիշներով պատկերազարդված զենքերը, այրված-ածխացած հացահատիկի և գունազարդ գործվածքի մնացորդները վկայում են ուրարտական զարգացած տնտեսության, արվեստի ու արհեստների մասին։

Թեյշեբաինին կործանվել է Ք.ա. 6-րդ դ. սկզբին` սկյութների և բնիկ ցեղերի հարձակումներից, որոնք էլ հրի են մատնել քաղաք-ամրոցը։ Հնագիտական մի շարք պեղածո նյութեր, օրինակ` կենդանիների ստամոքսում գտնված ձմերուկի կորիզների, օգոստոսյան խոտի մնացորդների և այլ գտածոների հետազոտությունը, ճշտում է ամրոցի անկման ժամանակը և հավանական դարձնում այն վարկածը, որ թշնամին Թեյշեբաինի քաղաք է ներխուժել հանկարծակի։

 


Տեքստի խմբագրումը` «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի և Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի (ԻԿՕՄՕՍ) Հայաստանի ազգային կոմիտեի ։

 

Share |